Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՐՔԱՆ ԷԼ ԳՆԴԱԿԸ ԿԼՈՐ Է

ՈՐՔԱՆ ԷԼ ԳՆԴԱԿԸ ԿԼՈՐ Է
30.09.2011 | 00:00

Ավարտվեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը: Դժվար չէր գուշակել, որ ֆուտբոլային այնպիսի հզոր թիմի հետ հանդիպումում, ինչպիսին «Բարսելոնն» է, բելառուսական «ԲԱՏԷ»-ն դատապարտված էր ի սկզբանե, և բելառուս մարզասերի համար միակ ուրախությունը լինելու էր ֆուտբոլային գրանդներին երես առ երես տեսնելը, ինչը նույնպես փոքր հաճույք չէ: Ինչ վերաբերում է մրցամարտին, այն ավարտվել է 5:0 հաշվով, ինչը խոսուն վկայությունն է մրցակից թիմերի ուժերի ռեալ հարաբերակցության: Նշենք, որ Լիոնել Մեսին դարձել է երկու գոլի հեղինակ:
Խոշոր հաշիվ է գրանցվել նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Մարսելի «Օլիմպիկի» հանդիպման ժամանակ` 3:0, ինչը բոլոր դեպքերում տհաճ անակնկալ էր գերմանացի մարզասերների համար, որքան էլ որ թիմը խաղում էր օտար հարկի տակ:
Իր հերթին սեփական հարկի տակ Պորտուի «Պորտուի» նկատմամբ ագրեսիվ խաղով աչքի ընկավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»` 3:1 հաշվով հաղթահարելով պորտուգալական պատնեշը:
Իտալական «Միլանը» երկու անպատասխան գնդակ ուղարկելով Չեխիայի «Վիկտորիայի» դարպասը, տարավ միանգամայն տրամաբանական հաղթանակ: Նույնն արեց նաև գերմանական «Բայերը», ով անհյուրընկալ գտնվեց բելգիական «Գենկի» նկատմամբ:
Անգլիական ֆուտբոլի համար հաղթական ավարտ ունեցավ «Արսենալի» հանդիպումը հունական «Օլիմպիակոսի» հետ: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով:
Տուրի երկու հանդիպում առանձնացել է «խաղաղասիրությամբ»: Սեփական հարկի տակ ուկրաինական «Շախտյորը» ոչ-ոքի` 1:1 է խաղացել Կիպրոսի «ԱՊՕԷԼ»-ի հետ, նույն հաշիվն է գրանցվել իսպանական «Վալենսիա»-ի և անգլիական «Չելսի»-ի դիմակայությունում:
Մեկ օր առաջ տեղի էին ունեցել լիգայի մյուս չորս ենթախմբերում ընդգրկված թիմերի հանդիպումները: Ամենախոշոր անակնկալն արձանագրվել է Մանչեստրում, որտեղ տեղի «Մանչեստր Յունայթեդը» մի կերպ է կարողացել շվեյցարական «Բազելի» հետ խաղն ավարտել ոչ-ոքի` 3:3: Ընդ որում` անգլիացիները հաշիվը կարողացել են հավասարեցնել միայն խաղավարտին` 90-րդ րոպեին, շնորհիվ Էշլի Յանգի խփած գոլի:
Գոլառատ հանդիպում է եղել Մոսկվայում, որտեղ ԲԿՄԱ-ն 2:3 հաշվով պարտվել է իտալական «Ինտերին»:
2:0 հաշիվն է արձանագրվել մրցաշարի «Նապոլի»-«Վիլյառեալ» և «Բավարիա»-«Մանչեստր Սիթի» հանդիպումներում: Անգլիական թիմի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Մարիո Գոմեսը: Պիտի խոստովանել, որ խաղի հաշիվը ոչ այնքան վկայությունն է մրցակցի նկատմամբ «Բավարիայի» ունեցած առավելության, որքան Գոմեսի անհատական վարպետության: Հետաքրքրական է, որ գերմանական թիմը վերջին տասը խաղում տարել է նույնքան հաղթանակ` սեփական դարպասը չընդունելով և ոչ մեկը:
Թուրքական «Տրաբզոնսպորը» իր հարկի տակ ոչ-ոքի` 1:1 հաշիվ գրանցելով ֆրանսիական «Լիլի» հետ հանդիպումում, դարձել է ենթախմբի առաջատար: Անհաջող ընթացք է ունեցել ռումինական «Օցելուլի» հանդիպումը պորտուգալական «Բենֆիկայի» հետ:
Հայացք նետելով ենթախմբերում թիմերի զբաղեցրած տեղերին` կարելի է ասել, որ եվրոպական գրանդ ակումբներից կատարելապես իրենց առայժմ արդարացնում են Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», Մարսելի «Օլիմպիկը», որոնք երկու հանդիպումից հետո ունեն բացարձակ արդյունք: Չորսական միավորով իրենց ենթախմբերն են գլխավորում «Բարսելոնն» ու «Չելսին»: Սակայն չմոռանանք, որ ենթախմբերում խաղերը նոր-նոր են թափ հավաքում, և հեղինակավոր մյուս ակումբները դեռ հնարավորություն ունեն ամեն ինչ իր տեղը դնելու: Այնպես որ, իրենց ենթախմբերում, օրինակ, «Մանչեստր Յունայթեդի» երրորդ տեղում գտնվելը կամ «Տրաբզոնսպորի» առաջին տեղում հայտնվելը դեռևս ոչինչ չի նշանակում։ Տեղին է հիշել, որ գնդակը, այնուամենայնիվ, կլոր է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ